Wednesday, February 4, 2015

Ոճաբանություն



Ոճաբանություն


Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:


Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
Գործառական
Իրադրական
Անհատական


Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
Առօրյա խոսակցական
Վարչական
Գիտական
Հրապարակախոսական
Գեղարվեստական


Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:

Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)

Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:

Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:

Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:


Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:


Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

No comments:

Post a Comment